Հարց. Բարև ձեզ: Իմ եղբայրը ՄԻԱՎ-դրական է: Մենք տանը ունենք տնային կենդանի, որը փախել էր, և երեխայիս հետ եղբայրս փորձում էր բռնել նրան: Սկզբում կենդանին կծեց եղբորս, հետո երեխայիս: Կա արդյոք ինչ-որ հավանականություն, որ վիրուսը կարող է փոխանցվել այդպիսի պայմաններում: Խայթոցների միջև ընկած ժամանակը մոտավորապես 5 վայրկյան է եղել: Պատասխան. Կենցաղային ճանապարհով ՄԻԱՎ-ը չի փոխանցվում, ինչպես նաև կենդանիների միջոցով: Հավելում. Եթե ձեր ընտանիքում կա ՄԻԱՎ-ով ապրող մարդ, նշանակում է ձեզ անհրաժեշտ է ուսումնասիրել ՄԻԱՎ-ի մասին տեղեկատվություն, որպեսզի ձեր ընտանիքի անդամների համար ապահովեք հանգիստ և առողջ մթնոլորտ: Հարց. Ինչքան է արյան մեջ ՄԻԱՎ-ի խտությունը բարձր սերմնահեղուկի մեջ պարունակվող ՄԻԱՎ-ի խտությունից: Պատասխան. ՄԻԱՎ-ի խտությունը արյան մեջ շատ ավելի բարձր է, քան սերմնահեղուկի մեջ, հենց այդ պատճառով էլ տարբեր իրավիճակներում վարակման վտանգը տարբեր է: Սակայն կոնկրետ թվերի չենք տիրապետում: Հարց. Ես ունեցել եմ պահպանակով հեշտոցային սեռական հարաբերություն մի մարդու հետ, ում ՄԻԱՎ կարգավիճակն ինձ հայտնի չէ: Կարող եմ արդյոք վարակված լինել ՄԻԱՎ-ով: Որոշ ժամանակ անց, լվացվելուց հետո սեռական հարաբերությունը շարունակվել է առանց պահպանակի, սակայն սերմնաժայթքում տեղի չի ունեցել: Ես կարդացել եմ տարբեր կայքերից, որ տղամարդուց կնոջ վարակում տեղի է ունենում սերմնահեղուկի միջոցով: Հնարավոր է, արդյոք, առանց սերմնահեղուկի առկայության, ուղղակի կոնտակտի դեպքում վարակվել ՄԻԱՎ-ով: Կա արդյոք փոխանցման վիճակագրություն, եղել են արդյոք դեպքեր, երբ ՄԻԱՎ դրական զուգընկերոջից վիրուսը չի փոխանցվել և ինչի հետ է դա կապված: Պատասխան. Վիրուսի փոխանցման անհրաժեշտ պայման է հանդիսանում ՄԻԱՎ պարունակող հեղուկի առկայությունը: Ձեր իրավիճակում վտանգը բացառված չէ, քանի որ էռեկցիայի ժամանակ միզատար ուղուց արտազատվում են մեկ երկու կաթիլ թափանցիկ հեղուկ, որի մեջ կարող է պարունակվել փոխանցման համար ՄԻԱՎ-ի բավարար քանակություն: Սակայն առանց սերմնաժայթքման ռիսկը բավականին ցածր է: Հարց. Ցանկանում եմ իմանալ, ինչպիսի ջերմաստիճան է հարկավոր ՄԻԱՎ-ը ոչնչանալու համար: Եթե եռացնենք մի քանի օր առաջ ՄԻԱՎ-ով ապրող մարդու օգտագործած ներարկիչը, կոչնչանա արդյոք վիրուսը: Պատասխան. Եռացնելու դեպքում վիրուսը մահանում է միանգամից, մինչև վաթսուն աստիճանի դեպքում քսան րոպեի ընթացքում, օդում` արյան չորանալու դեպքում: Հարց. Եթե ունենանք սեռական հարաբերություն մի աղջկա հետ, ով վարակվել է ՄԻԱՎ-ով ամիս կամ մի քանի օր առաջ, ինչքան է հավանականությունը, որ վիրուսը կանցնի զուգընկերոջը` առանց պահպանակի սեռական հարաբերության կամ օռալ սեռական հարաբերության դեպքում: Չէ որ երեք ամիս դեռևս չի անցել: Պատասխան. Եթե վիրուսը մարդու արյան մեջ է անցել, ապա արդեն վեցից ութ ժամ հետո հնարավոր է վիրուսի փոխանցումն այլ մարդու: Երեք ամսվա ժամկետը վերաբերում է միայն ՄԻԱՎ-ի թեսթավորմանը: Քանի որ թեսթ համակարգերը հիմնված են ՄԻԱՎ-ի հակամարմինների որոշման վրա, այլ ոչ թե վիրուսի: Հարց. Ես ծակել եմ մատս ՄԻԱՎ դրական կնոջը ենթամաշկային ներարկում կատարելիս: Ասեղի վրա արյուն չկար, բայց իմ մատի ցակած մասից եկավ արյուն: Ինձ նշանակել են ՀՌՎ կանխարգելիչ պրոֆիլակտիկ բուժում, ինչքանով է դա նպատակահարմար, եթե փոխանցման հավանականությունը շատ փոքր է, արդյոք ես ինձ ավելի չեմ վնասի դեղահաբերն ընդունելիս: Ինչքանով ես տեղեկացված եմ դրանք վտանգավոր են:
Պատասխան. Իհարկե ՀՌՎ դեղամիջոցների ընդունման ժամանակ կարող են լինել կողմնակի էֆֆեկտներ` հոգնածության զգացողություն, սրտխառնոց, փորլուծություն, գլխացավեր: Ցանկացած հաբերի ընդունում, ասպես թե այնպես, արտահայտվում է մարդու առողջության վրա, բայց դրանք համարել մարդու օրգանիզմի համար վնասակար ճիշտ չէ: Ամենակարևորն այն է, որ ձեզ նշանակած թերապիան նվազեցնում է ՄԻԱՎ-ի փոխանցման ռիսկը: Ձեզ կողմից նկարագրված իրավիճակում ռիսկը իսկապես աննշան է, բայց դուք պետք է որոշեք, թե տվյալ իրավիճակում ինչ ընտրել. աննշան հնարավոր, բայց ոչ պարտադիր հետևանքներ հաբերի կարճաժամկետ կուրսից կամ թեկուզ և աննշան հավանականություն դառնալ ՄԻԱՎ դրական:
|